Խմբագրի սպանությունը
25.02.2020 | 01:44
1918 թ. հուլիսի 6-ին, ժամը 14։50-ին, ձախ էսէռներ Յա. Բլյումկինը և Ն. Անդրեևը մոտեցան Մոսկվայի Դենեժնի նրբանցք, թիվ 5 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատանը: Մուտքի մոտ ցույց տվեցին Չէկայի վկայականները և հայտնեցին, որ ուզում են հանդիպել դեսպանի հետ: Դեսպան Վիլհելմ ֆոն Միրբախը նրանց ընդունեց, ներկա էին նաև խորհրդական Ռիցլերը և թարգմանիչ, լեյտենանտ Մյուլլերը:
Ն. Անդրեևը գնդակահարեց Միրբախին, իսկ Յա. Բլյումկինը երկու նռնակ նետեց: Կրակոցներից, ավերիչ պայթյուններից ու խառնաշփոթից օգտվելով, ահաբեկիչները դուրս նետվեցին և իրենց սպասող ավտոմոբիլով փախուստի դիմեցին:
Նույն օրը, շաբաթ ժամը 18-ին Թիֆլիսի Ժուկովսկայա, Վոզնեսենսկայա և Կոսոյ նրբանցքի հատույթում գտնվող թիվ 23/1 երկհարկանի առանձնատանը մոտեցան երեք հոգի: Երկուսը փափախով էին, զինվորական ֆրենչով ու երկարաճիտ կոշիկներով, երրորդը՝ ֆուրաժկայով ու մոխրագույն պիջակով: Նրանք թակեցին դարբասը և աղախնին ռուսերեն ասացին, որ ուզում են հանդիպել Համբարձում Առաքելյանին: Աղախինը պատասխանեց, թե տանտերը բացակայում է ու դարբասը փակեց:
Հ. Առաքելյանը, իրոք, տանը չէր, ամառվա տապի պատճառով կնոջ հետ մեկնել էր Ծղնեթ գյուղ՝ օդափոխության: Ժամը 19։30-ին ավտոմոբիլն արգելակեց տան առաջ, Հ. Առաքելյանը տիկնոջն օգնեց իջնել, և դա տեսան մի կողմ քաշված «հյուրերը»:
Որոշ ժամանակ անց նրանք նորից թակեցին դարբասը և նույն խնդրանքով դիմեցին աղախնին: Կինը վերադարձավ ու հայտնեց, թե տանտերը ճանապարհից հոգնել է ու խնդրում է հաջորդ օրը գալ:
Ֆրենչավորներից մեկն ասաց.
-Մենք վաղը մեկնում ենք, երկար չենք զբաղեցնի, ընդամենը մի քանի րոպեով:
Իսկ մյուսն ավելացրեց.
-Նրան փոխանցեք, որ մենք կարևոր լուրեր ունենք հաղորդելու Չանախչիում սպանվածների ու բժիշկ Շահպարոնյանի որդու զոհվելու մասին:
Այստեղ միջարկության կարիք կա: Խոսքը վերաբերում է Ղարաքիլիսայի ռազմաճակատում հայ-թուրքական զորքերի բախմանը: Մայիսի 27-ին հայկական 4-րդ գունդն ընկավ շրջափակման մեջ և զենընկեց եղավ: Թուրքերն սպանեցին բոլորին՝ 101 հոգու, այդ թվում՝ չորս գնդապետի, Հովհաննես Քաջազնունու որդի Աշոտին և Թիֆլիսի հանրահայտ բժիշկ Շահպարոնյանի որդուն:
Աղախնից տեղեկանալով այս մասին, Հ. Առաքելյանն անմիջապես դուրս եկավ, կանգնեց աստիճանների գլխին ու հյուրերին ներս հրավիրեց:
Քաղաքացիական հագուստովը մնաց դարբասի մոտ, իսկ զինվորականները բարձրացան տուն:
Հ. Առաքելյանը նրանց ուղեկցեց իր աշխատասենյակ:
Քիչ անց ներս մտավ նրա կինը՝ Եղիսաբեթը, ու հետաքրքրվեց Շահպարոնյանի որդու ճակատագրով: Զինվորականները խուսափեցին պատասխանից, և տիկինը հեռացավ, զինվորականներին մենակ թողնելով ամուսնու հետ:
Րոպեներ անց լսվեցին կրակոցներ, ու Եղիսաբեթին թվաց, թե փողոցում են կրակում: Բայց սիրտն ինչ-որ վատ բան գուշակեց, և նա քայլերն ուղղեց դեպի աշխատասենյակ: Ամուսինն՝ անշնչացած և արնաշաղախ, ընկած էր գետնին: Եղիսաբեթն սկսեց ճչալ…
Այդ ընթացքում զինվորականներն արդեն բակում էին: Լսելով տանտիկնոջ հուսակտոր բղավոցները, աղախինը բռնեց փափախավորներից մեկի օձիքից, փորձելով թույլ չտալ փախչել: Բայց ֆրենչավորը մաուզերի փողը պահեց կնոջ դեմքին ու սպառնաց սպանել, եթե խոչընդոտի:
Վայրկյաններ անց երեքն էլ անհետացան Ժուկովսկայա փողոցում: Անհետացան ընդմիշտ: Ո՞վ էր նրանց որոնելու: Վրաստանի իշխանությու՞նը, որ հռչակել էր «Վրաստանը վրացիների համար՛՛ կարգախոսը ու եռանդագին ձեռնամուխ եղել հայաթափմանը: Թե՞ Հայոց ազգային խորհուրդը ու ՀՀ նորակազմ կառավարությունը, որոնք դեռևս գտնվում էին Թիֆլիսում ու նոր-նոր պատրաստվում մեկնելու Երևան:
Հետաքննությունից ու դիազննումից պարզվեց, որ արձակվել էր մաուզերի չորս կրակոց ¥դա ապացուցվում էր հայտնաբերված պարկուճներով¤, երկուսը՝ որովայնին, որոնցից մեկն անցել էր փայծաղի մոտով, դուրս եկել մեջքից, ճեղքել աթոռն ու խրվել հատակի մեջ: Իսկ երկուսն արձակվել էին քունքին և այտոսկրին: Այսինքն, նախ կրակել էին մարմնին, ապա ստուգողական կրակոցներ արձակել գլխին:
Ո՞վ էր նորոգ հանգուցյալը: Նա հայ մամուլի պատմության մեջ ամենահեղինակավոր, ամենաազատական, ամենաժողովրդական, ամենաժողովրդային օրաթերթի՝ «Մշակի» խմբագիրն էր:
Մինչ այդ առաքելությունն ստանձնելը, ղարաբաղցուն հատուկ համառությամբ ու նպատակասլացությամբ, անցել էր խոսուն կենսուղի:
Ծնվել էր 1855 թ. ապրիլի 29-ին Շուշիում: Մինչև 10 տարեկանը սովորել է այդ քաղաքի կուսանաց վանքում: 1865-ին ծնողների հետ տեղափոխվել է Թավրիզ, ուր նրա հայր Աստվածատուրը պարսկահայերի վաճառականապետն էր՝ թաջիր-բաշին: Թավրիզում դրվել է Համբարձումի կրթական հենքը. նախ սովորել է հայագետ Սամուել Գյուլզադյանի մոտ՝ դպրոցում, ապա տանը՝ Աբրահամ Ամիրխանյանի մոտ՝ գերմաներեն, Թադեոս խան Վահրամյանի մոտ՝ ֆրանսերեն և մի պարսիկ բանաստեղծի մոտ՝ պարսկերեն:
1874 թ., 19 տարեկան հասակում, վերադարձել է Շուշի, այստեղից՝ Բաքու, ընդունվել տեղի ռեալական ուսումնարանը, 1879-ին ավարտել և նույն տարում ընդունվել Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիա: Բայց ուսումը կիսատ է թողել ու վերադարձել Շուշի, որովհետև հայրը վախճանվել էր և մոր, եղբոր ու քրոջ հոգսը մնացել իր ուսերին:
Համբարձումը նորից մեկնել է Պարսկաստան՝ հոր գործերը կարգի բերելու:
1881 թ. Շուշիում հիմնել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության ¥ԿՀԲԸ¤ առաջին մասնաճյուղը, նախ եղել անդամ-քարտուղար, ապա՝ նախագահ: Նույն թվականին հրավիրվել է տեղի ռեալական դպրոց, որպես ֆրանսերենի և աշխարհագրության ուսուցիչ:
1884-1885 թթ., ապա հետագա տարիներին ընտրվել է երեք կաթողիկոսական ընտրությունների պատվիրակ:
1887 թ. հոր առևտրային գործերով կրկին մեկնել է Պարսկաստան և մի քանի տարի ապրել Թեհրանում: Այստեղ հիմնել է ազգային վարչություն ու հոգաբարձություն և ընտրվել ատենապետ: Նրա ջանքերի շնորհիվ Եկատերինոդարի ¥ներկայիս Կրասնոդարի¤ ձեթի հայտնի գործարանատեր Ավետյանը, որ սերում էր Պարսկաստանից, տարեկան 2000 ռ. է տրամադրել Թեհրանի ազգային օրիորդաց վարժարանի պահպանման համար:
1892 թ. Հ. Առաքելյանը վերջնականապես տեղափոխվել է Թիֆլիս, ուր վեց տարի վարել է ԿՀԲԸ քարտուղարի պաշտոնը: Եղել է Հայ հրատարակչական ընկերության խմբագրական հանձնաժողովի անդամ, Դրամատիկական ընկերության անդամ և փոխնախագահ, Գայանյան օրիորդաց դպրոցի հոգաբարձության նախագահ, Թիֆլիսի քաղաքային դումայի պատգամավոր, Նպաստամատույց ընկերության և Հայաստանի վերաշինության հանձնաժողովի անդամ: Ռուսաստանի կադետական կուսակցության անդամ էր:
Փարիզի խաղաղության համաշխարհային 9-րդ համաժողովում պաշտպանել է Հայ դատը: Մասնակցել է հետագա համաժողովներին, ընդհուպ մինչև 14-րդը, հանդես եկել բազմաթիվ զեկուցումներով ու ելույթներով;
Անդամ էր Փարիզի Ասիական ընկերության, Ռուսաստանի Աշխարհագրական ընկերության, ֆրանսիական Խաղաղասիրական և այլ ընկերությունների:
Հ. Առաքելյանը «Մշակին» թղթակցել է դեռևս աշակերտական նստարանից՝ 1872-ից: 1908-ից եղել է թերթի երեք խմբագիրներից մեկը, իսկ 1913-ին, երբ մահացել էին Ալ. Քալանթարը և Հովհ. Տեր-Մարկոսյանը, դարձել միանձնյա խմբագիր:
Լրագրողական, հրապարակախոսական գործունեությունից զատ, հանդես է եկել որպես գրող ու թարգմանիչ: Շահրիար գրական կեղծանունով հրատարակել է «Ջհուդ Քուշան» ծավալուն վեպը և ֆրանսիական գրողների երկերի թարգմանությունները:
Հ. Առաքելյանը Հայ ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկն էր, այդ կուսակցության փսխնախագահը:
Կենսագրական տվյալների մեջ չկա մարդն ինքը: Իսկ ինչպիսի՞ անձնավորություն էր: Թերևս լավագույն բնութագրումը տվել է Շիրվանզադեն. «Հանգիստ և բարեսիրտ մարդ, վերին աստիճանի անհանգիստ գրիչ՝ ահա Համբարձում Առաքելեանը:
Ով այդ մարդուն առաջին անգամ տեսել է իր մասնաւոր կեանքում, երբեք չի կարող ենթադրել, որ այդ անդորր քաղաքացին ամենակռուարար հրապարակախօսն է և ամենափոթորկալի գործիչը կեանքում:
Եւ որքան նա կրքոտ էր իբրև հրապարակախօս, նոյնքան սառնարիւն և հանգիստ էր իբրև մարդ»:
Հ. Առաքելյանի մասին գրեթե նույն բանն են ասում նրան ճանաչողները՝ հասարակության շրջանում բարի, համբերատար ու հանդուրժող, «Մշակի» էջերում՝ կատաղի, անզիջում ու սկզբունքային: ՈՒ՞մ էր պետք նման մարդու սպանությունը, որն ալեկոծեց Թիֆլիսի ողջ հասարակական-քաղաքական կյանքը:
Որ սպանությունը քաղաքական դրդապատճառներ ուներ, կասկածից վեր էր:
Հուլիսի 11-ին «Մշակը» գրեց. «Հ. Առաքելեանի սպանութիւնը խորը հասարակական նշանակութիւն ունի, իբրև մի կօշմարային հետևանք բարբարոսական այն վակխանալիայի, որ տարիներից ի վեր ստեղծված է մեր իրականութեան մէջ, և իբրև մի նախադուռն էլ աւելի մղձավանջային, էլ աւելի հեղձուցիչ մթնոլորտի ստեղծման, որ կատաստրօֆային վտանգ է սպառնում հայ հասարակութեանը»:
Հայ ժողովրդական կուսակցությունը հանդես եկավ «Հայ ժողովրդին» կոչով, ուր մասնավորապես ասվում էր. «Հա՛յ ժողովուրդ, միացրու՛ քո բողոքի և զայրոյթի ձայնը մեր ձայնին, դատապարտի՛ր քաղաքական սպանութիւնը, ազատ խօսքի դէմ ուղղված տէրրորը, ու՛մ կողմից էլ լինի: Համբարձում Առաքելեանի սպանութիւնը մի սովորական ոճրագործութիւն չէ, այլ մահափորձ է հայկական ազատ խօսքի, հասարակական քննադատութեան դէմ: Եթէ թանգ է քեզ խօսքի և մամուլի ազատութիւնը՝ պաշտպանիր նրան քո բոլոր բարոյական ոյժով, անարգութեան սիւնին բևեռիր խղճմտանքի և ազատ խօսքի անարգ դահիճներին»:
Մեկ շաբաթ շարունակ Թիֆլիսի հայ, վրաց և ռուսալեզու մամուլը անդրադառնում էր հանցագործությանը: Մամուլի էջերը հեղեղված էին կարծիքներով, ցավակցական հեռագրերով ու հրապարակումներով, որոնց մեջ իրենց հուզականությամբ ու կրքոտությամբ աչքի էին ընկնում Շիրվանզադեի, ԿՀԲԸ հիմնադիր, բժիշկ Բագրատ Նավասարդյանի և ռեժիսոր ու դերասան Ամո Խարազյանի հոդվածները:
Քանի որ վրաց իշխանության պատկան մարմիններն առանձնապես ջանք չէին թափում «տաք հետքերով» հայտնաբերելու կատարողներին, առավել ևս՝ պատվիրատուին կամ պատվիրատուներին ¥անկեղծ ասած, ի վիճակի էլ չէին¤, ի հայտ եկան զանազան վարկածներ:
Առաջինն այն էր, որ սպանությունը կազմակերպել էին «Մշակի» տպարանի գրաշարները: Իբր, կյանքի թանկացման պատճառով խմբագրին խնդրել էին բարձրացնել ռոճիկը և մերժում էին ստացել: Դա կատարյալ անհեթեթություն էր, ինչպե՞ս կարող էին ծայրը ծայրին հազիվ հասցնող տպարանի բանվորները վարձել մարդասպանների: Այս վարկածն այնպես վիրավորեց գրաշարներին, որ նրանք հանդես եկան կոլեկտիվ նամակով, ուր հավուր պատշաճի գնահատեցին իրենց հանդեպ խմբագրի ջերմ ու մարդկային վերաբերմունքը և ցասումնալից դատապարտեցին ոճրագործությունը:
Երկրորդ վարկածով, պատճառը Թիֆլիսում կազմավորվող Հայաստանի կառավարության կազմն էր: ՀՅԴ-ն ցանկանում էր, որ բարձրաստիճան պաշտոնյաները լինեն ազգայնականները, այնինչ Հ. Առաքելյանը հեղափոխական-դեմոկրատ էր և իր գրչով պայքարում էր, որպեսզի կառավարության անդամների շարքում լինեն նաև Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, որպես հակակշիռ:
Այստեղից բխում էր երրորդ վարկածը՝ Հ. Առաքելյանի ֆիզիկական ոչնչացումը ձեռնտու էր Դաշնակցությանը: Բայց սա մնաց ասեկոսեների մակարդակում: Ոչ ոք և ոչ մի անգամ Դաշնակցությանն ուղղակիորեն չմեղադրեց այդ հանցագործության մեջ: ¥Այն ժամանակ առաջնորդվում էին անմեղության կանխավարկածով և հաշվի էին առնում ապացույցների բացակայությունը¤:
Ավելին, 1925 թ. Բոստոնում լույս տեսնող ՀՅԴ օրգան «Հայրենիք» ամսագրում Շիրվանզադեն գրեց. «Ես հաստատ չգիտեմ՝ ի՞նչն էր, արդէօք, պատճառը, որ այդ անհանգիստ մարդը դարձաւ Դաշնակցութեան կատաղի թշնամին: Իննսունական թուականներին նա շարունակ դաշնակցականների շրջանում էր, և ես գիտեմ, որ շատ անգամ կուսակցական խորհրդակցութիւնները նրա տանն էին լինում:
…Վնասակար դեր կատարեց Առաքելեանը պատերազմի սկզբին Ազգային բիւրօյի վերաբերմամբ: Բիւրօն բաղկացած էր 32 հոգուց, որոնցից միայն 3 հոգի էին զուտ դաշնակցականներ, մնացեալը բոլորովին տարբեր կուսակցութիւնների կամ անկուսակցական մարդիկ էին: Կային գրողներ, հոգևորականներ, վաճառականներ և այլն: Երեք հոգու պատճառով բիւրօն դարձավ Առաքելեանի աչքի փուշը:
…Երբեմն ինձ յաջողւում էր համոզել Առաքելեանին լռել, ու նա լռում էր, բայց ոչ երկար, միայն 8-10 օր, յետոյ նորէն սկսում էր:
…Ես չեմ ուզում շոշափել Համբարձում Առաքելեանի սպանութեան խնդիրը: Այսքանը կարող եմ ասել, որ ինձ համար միանգամայն անընդունելի է և խորթ այն ենթադրութիւնը, թէ դա Դաշնակցութեան գործն է: Ես համոզուած եմ, որ այս դէպքում կուսակցութիւնն իբրև այդպիսին անմաս է»:
Հուլիսի 14-ին, կիրակի առավոտ ժ. 10-ին սկսվեց Հ. Առաքելյանի հուղարկավորությունը: Մինչ այդ, նախորդ շաբաթվա ընթացքում, հանգուցյալի տանը մի քանի անգամ կատարվել էր հոգեհանգստյան արարողություն:
Տնից մինչև Վոզնեսենսկայա փողոց կուտակված էր հոծ բազմություն՝ բաղկացած բոլոր դասերից ու դասակարգերից: Այստեղ էին բանվորն ու կապիտալիստը, հոգևորականն ու վաճառականը, մտավորականն ու արհեստավորը, բարեկամներն ու քաղաքական հակառակորդները, գրեթե բոլոր հայկական հաստատությունների ու հիմնարկների ներկայացուցիչները և, իհարկե, թիֆլիսաբնակ ղարաբաղցիները:
Նկարագրեմ թափորը: Առջևից ընթանում էին համքարները՝ իրենց գույնզգույն ու ոսկեհյուս դրոշներով, նրանցից հետո՝ որբերն ու աշակերտուհիները՝ ծաղկեպսակներով, հաջորդում էին երգչախումբը, քահանայից դասը՝ Մխիթար եպիսկոպոսի գլխավորությամբ, դագաղը՝ սև ձիերով սև սգակառքին, հարազատները, թաղման կարգադրիչ հանձնախումբը, ապա երաժշտախումբը, որ նվագում էր սգո քայլերգ:
Թափորը Լերմոնտովսկայա փողոցից շարժվեց Աբբասաբադսկայա հրապարակ, այստեղից՝ Մուղնու եկեղեցի, որտեղ կատարվեց եկեղեցական կարգ: Բակում ելույթներ ունեցան հայը, վրացին, ռուսը, լեհը, մուսուլմանը:
Բակից թափորը շարժվեց Վելյամինովսկայա փողոց, ապա կանգ առավ Երևանյան հրապարակում, ուր կրկին հնչեցին հրաժեշտի ելույթներ:
Այստեղից Պուշկինի փողոցով ամբոխն անցավ Մուխրանսկայա փողոց, բարձրացավ Ցիցիանովի վերելքով ու հասավ Խոջիվանք: Դամբանական ճառերն այնքան շատ էին, որ կարգադրիչ հանձնաժողովը սահմանափակել էր ժամանակը՝ 7 րոպե:
Համբարձում Առաքելյանի աճյունը հողին հանձնեցին նրա հոգևոր դաստիարակի՝ «Մշակի» հիմնադիր ու ցկյանս խմբագիր Գրիգոր Արծրունու գերեզմանի կողքին:
Ասում են, իբր, ժամանակի ընթացքում բոլոր հանցագործությունները բացահայտվում են: Ես չեմ կարող համաձայնել այս տեսակետի հետ: Որովհետև այսօր՝ Հ. Առաքելյանի սպանությունից ավելի քան 100 տարի անց, հնարավոր չէ պարզել ոճրագործության հետ կապված իսկությունը…
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ